Եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրի, Ռուսաստանը կխստացնի մաքսային վարչարարությունը: Ներկայիս խնդիրները պարզապես մաքսային ռեժիմի փոփոխության նախապատրաստում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը: 

«Այժմ իրավիճակը կարգավորվել է, սակայն մենք պատրաստվում ենք մաքսային վարչարարության խստացման, եթե Ուկրաինան հանկարծ կատարի այդ ինքնասպան քայլը` ասոցացման պայմանագիր ստորագրելով ԵՄ-ի հետ», - հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդականը:

Ըստ Գլազեւի` Ուկրաինայի եւ ԵՄ-ի համաձայնագրում կետ կա, որ Ուկրաինան պարտավորվում է եվրոպական ապրանքները թողնել առանց  ստուգելու: Ըստ կանխատեսումների` ԵՄ երկրներից ներմուծումը կաճի 4 միլիարդ դոլարով:  «Դա վերջնականապես կսպանի Ուկրաինայի առեւտրային հաշվեկշիռը եւ կհանգեցնի դեֆոլտի», - կարծում է Ռուսաստանի նախագահի խորհրդականը: Այդ խնդիրների առկայության դեպքում Ուկրաինան իր ապրանքները ռուսական շուկա կնետի, եւ Ռուսաստանն այսպես թե այնպես  ստիպված կլինի  վերահսկել ներկրումը:

«Ռուսաստանը բացել է ուկրաինական առաջին ճակատը», - այսպես են մեկնաբանում Ուկրաինայի լրատվամիջոցները Ռուսաստան  տեղական ապրանքների արտահանման գրեթե ամբողջական արգելքը: Նրանք նշում են, որ դա հանգամանորեն ծրագրված գործողություն է` ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի խափանման նպատակով:  Այդ մարտավարության հեղինակներն են Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, հայտնում է NEWSru.com-ը:

 «Զերկալո Նեդելի» թերթում հրապարակվել է «Ռուսական ծրագիր, անիմաստ եւ անխնա» հոդվածը, որրի հեղինակները, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում են, որ Գլազեւն ու Մեդվեդչուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուկրաինական հեռուստաեթերից ընտրանի են ներկայացրել:

Ուկրաինական հիմնական ալիքների հեռուստահաղորդումները նվիրված են եղել Մաքսային միությանը եւ ԵՄ գործընկերությանը:

Ընդհանուր իմաստն այն է եղել, թե որքան վատն է Մաքսային միությունը եւ որքան լավ կլինի Ուկրաինայի վիճակը ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու դեպքում: Պուտինին նաեւ տեղեկություններ են հայտնել նման տեղեկատվություն տարածող ալիքների եւ դրանց ղեկավարների մասին:

Թերթը գրում է, որ տնտեսական պատերազմով Ռուսաստանը մտադիր է խնդիրներ ստեղծել ուկրաինական խոշոր արտադրողների համար, որպեսզի դրանք իրենց հերթին ազդեն Ուկրաինայի ղեկավարության վրա`Մաքսային միություն մտնելու համար:

Այսօր` օգոստոսի 19-ին, կկայանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի մաքսային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը` ուկրաինական արտահանման խնդիրները հարթելու նպատակով: