Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան աեմայն հավանականությամբ լուրջ փոփոխություններ չի մտցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրում: Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկյան «Heritage» ինստիտուտի վերլուծաբան Արիել Կոենը:
Նրա խոսքով՝ հակամարտությունը միայն խաղաղ կերպով լուծելու վերաբերյալ Պուտինի հայտարարությունները ազդանշան էին Ադրբեջանի համար: Հիշեցնենք, որ վերջինիս ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն:
«Կրեմլը պատրաստ չէ կամ չի ցանկանում քննարկել նոր նախաձեռնություններ կամ առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել ձգձգված հակամարտության հանգուցալուծմանը: Դրա հիմնական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ներկայության կարեւոր երաշխիքն է»,-ասվում է «The National Interest»-ւմ հրապարակված հոդվածում:
Վերլուծաբանը ենթադրում է, որ վերջին չորս տարիների ընթացքում, երբ երկիրը ղեկավարում էր Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլը թուլացրել է իր ջանքերը, ինչը Վաշինգթոնին հնարավորություն է տալիս ամրապնդել հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում: «ԱՄՆ-ն կարող էր օգտվել իրավիճակից՝ հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանին համագործակցություն առաջարկելով»,-գրում է նա:
Նա հիշեցնում է, որ պետքարտուղար Ջոն Քերրին Հայկական սփյուռքի հետ կապեր ուներ դեռեւս նախքան Սենատում լինելը եւ բազմիցս է խոսել հակամարտությւոնը կարգավորելու անհրաժեշտությա մասին: «Սակայն վարչակազմն, ամենայն հավանականությամբ, որոշել է Քերրի ժամանակը տրամադրել Մերձավոր Արեւելքի ավեի ամբիցիոզ, աշխատատար եւ երկարաժամկետ հակամարտություններին: Ցավոք, դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»,-կարծում է վերլուծաբանը:





























