Հոկտեմբերի 27-ին նշանակված ընտրությունների կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ն դիմել է միջազգային կազմակերպություններին եւ գործընկեր երկրներին, որպեսզի իրենց դիտորդներին ուղարկեն: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն` հույս հայտնելով, որ Կայանալիք նախագահական ընտրությունները Վրաստանի համար ժողովրդավարության վերջին թեստը կդառնան:

Նախարարի խոսքով`ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների առաջին պատվիրակությունը Վրաստան կժամանի սեպտեմբերի 16-ին: Ընտրական գործընթացին կհետեւեն ԵԱՀԿ 24 երկարաժամկետ եւ 300 կարճաժամկետ դիտորդներ:

«ԱԳՆ-ում եւ ԿԸՀ-ում սեպտեմբերի 19-ի խորհրդակցությունից հետո ԵԱՀԿ դիտորդները մամուլի ասուլիս կանցկացնեն: Մենք նրանց ամեն տիպի օգնություն ենք խոստացել, որպեսզի իրենց գործառույթներն անխոչընդոտ իրականացնեն, եւ որպեսզի այդ ընտրությունները թափանցիկ լինեն: Հուսով եմ` այս ընտրությունները Վրաստանի համար ժողովրդավարության վերջին թեստը կդառնան», - հայտարարել է Փանջիկիձեն:

Նա նաեւ հայտնել է, որ ԱԳՆ-ն դրական պատասխան է ստացել ՆԱՏՕ-ից եւ ԵԽԽՎ-ից:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ ԱԳՆ-ն օգոստոսի 18-ին հրապարակել է միջազգային կազմակերպությունների եւ երկրների  ցանկը, որոնց նամակներ կուղարկվի Վրաստան դիտորդներ ուղարկելու խնդրանքով:

Մասնավորապես, հուլիսին հրավերներ էին ուղարկվել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽ, ԵՄ Խորհրդարանական վեհաժողով, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով, Եվրախորհրդարան, ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողով, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն եւ Արաբական պետությունների լիգա: