Կիեւի խորհրդի (ռադա) շենքը օգոստոսի 19-ի առավոտյան շրջափակման մեջ էր հայտնվել, ընդդիմադիր կուսակցությունների, մասնավորապես` ՈՒԴԱՌ-ի պատգամավորները չէին կարողանում շենքից ելնել: «Բատկիվշչինայից» ժողովրդական պատգամավոր Լեոնիդ Եմեցը Facebook-ի իր էջում գրել է, որ ընդդիմության ժողովրդական պատգամավորներին «Բերկուտը» ծեծել եւ փակել է Կիեւռադայի շենքում»:

Այլ տվյալներով` պատգամավորներն իրենք են ծեծել ոստիկաններին` հարվածելով պաշտպանիչ սաղավարտներին: Ոմանք ստիպված պատուհանից են սողոսկել:

Կիեւի խորհրդի արտահերթ նիստը օգոստոսի 19-ին մոտ 10 րոպե է տեւել, ինչից հետո խորհրդի քարտուղարը հայտնել է նստաշրջանի ավարտի մասին:

«Корреспондент.net»-ը գրում է, որ այդ ընթացքում չորս որոշումներ են ընդունվել եւ Գերագույն ռադային ուղղված  երեք դիմում, քաղխորհուրդը նաեւ երկու զեկուցողների է հասցրել լսել: Մնացած փաստաթղթերն ընդունվել են առանց քննարկման, գրեթե միաձայն քվեարկությամբ (79 ներկաներից 76-77 ձայն):

Հասկանալով, որ սովորական ճանապարհով նիստին մասնակցելն անհնար է, ընդդիմադիր պատգամավորների մի մասը առաջին հարկի պատուհանից է սողոսկել, որը արդյունքում կոտրվել է: Սակայն դահլիճի մուտքը եւս արգելափակված էր, ուստի նրանք ստիպված նույն պատուհանով հետ են իջել: Նրանց թվում են եղել Արսենի Յացենյուկը, Անդրեյ Իլյենկոն, Յուրի Սիրոտյուկը, Սերգեյ Կապլինը, Էդուարդ Լեոնովը եւ Վիտալի Յարեման, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Մի քանի ժողովրդական պատգամավորի հիվանդանոց են տարել, գրում է segodnya.ua-ը: Լրագրողներին եւս շենք չեն թողել: Ոստիկանությունից հայտնել են, որ պատճառը առավոտվա ժամը ութից շենքի ներսից պատգամավորների կողմից դռան արգելափակումն է եղել:

«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը կատարված դեպքերը 2015թ. փորձ է անվանել: