2013 թ. օգոստոսի 1-ին Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ էր ստացվել, որում նամակագիրը տեղեկացնում էր, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում, (որը նոր է ձեւավորվում եւ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ: Աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի այդ դեռեւս շինարարական աշխատանքները չավարտված յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլլար՝ աշխատասենյակի նորոգման համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Նամակագիրը գրել է, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում վարկ վերցնելով եւ տարբեր անձաացից գումար խնդրելով, տալիս են պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Նամակագիրը խնդրել է այս մասին տեղյակ պահել ոստիկանության բարձրագույն մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանապետին, եւ օգնել վերականգնելու իրավական արդարությունը: Այս նամակի հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարվել՝ անանուն նամակում ներկայացված փաստերի շուրջ քննություն կատարելու եւ այս փաստերի իսկությունը պարզելու խնդրանքով:
Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար»:





























