Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը արդեն սկսել է իր աշխատանքը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում` որպես  Հայաստանի ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Տիգրան Դավթյանը:

Նա տեղեկացրեց, որ հուլիսից մեկնել է Ժնեւ, ստանձնել պարտականությունները, մեկ ամիս այնտեղ էր, զբաղվում էր տարբեր կազմակերպչական հարցերով` նամակագրություն,հավատարմագրում,  ծանոթություններ եւ այլն: Նա տեղեկացրեց. որ ոչ միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում է լինելու Հայաստանի ներկայացուցիչ, այլեւ ՄԱԿ-ի մի քանի այլ կառույցներում:

«Հիմնականում կազմակերպչական հարցերով էի զբաղվում, ընթացք տվեցի, մի քանի բաներ ավարտեցի, մի քանիսը ընթացքի մեջ են, այնտեղ էլ գլխավոր քարտուղարն է փոխվում սեպտեմբերի 1-ից: Նոր եմ վերադարձել Երեւան, մի 10 օր հրաժեշտ կտամ ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս, սեպտեմբերից նորից կմեկնեմ»,- ասաց  Տիգրան Դավթյանը:

Հուլիսին նախկին նախարարը Ժնեւ էր մեկնել ընտանիքի հետ, որպեսզի ծանոթանան քաղաքին, տեսնեն ապրելու հարմարությունները, իսկ սեպտեմբերից նա առայժմ միայնակ կմեկնի, մի քանի ամսից էլ կմեկնեն նրա որդին եւ կինը, ուսանող դուստրը կմնա Հայաստանում եւ այստեղ կշարունակի ուսումը: Տիգրան Դավթյանը նշեց, որ որդին տրամադրվում է այնտեղ ապրելուն, թեեւ միշտ շեշտում է, որ Երեւանը ավելի շատ է սիրում: «Ցանկացած դիվանագետ երկրի խնդիրները ներկայացնելուց կամ առաջ տանելուց պետք է քաջ տեղյակ լինի, թե երկրում ինչ է կատարվում, այնպես որ չեմ գնալու մնամ, անընդհատ գալու եմ, գնամ:

Շատ բնական եմ վերաբերում այս ամեն ինչին, ամեն կյանքի փուլ իր դրական եւ բացասական կողմերն ունի, այնպես որ ամեն ինչը պետք է ադեկվատ ընկալել եւ աշխատել: Ավելի հանգիստ ու բնականոն աշխատանք է` ի տարբերություն այն տեմպի եւ ռիթմի, որ կար Հայաստանում իմ մոտ վերջին տարիներին: Նաեւ հետաքրքիր աշխատանք է, որովհետեւ նոր մակարդակ է, համաշխարհային տնտեսության կիզակետում ես, առեւտրատնտեսական համաշխարհային զարգացումներից հենց առաջին ձեռքից եւ կոնկրետ մարդկանցից ես տեղեկանում»,- ասաց նախկին նախարարը` հավելելով, որ Ժնեւում կարոտում էր Հայաստանի ամեն ինչը, հետեւաբար` հաճախակի կգնա, կգա, որպեսզի կարոտն առնի:

Տիգրան Դավթյանը նշեց, որ չի կարոտում նախարարի պաշտոնը, բայց կարոտում է կոլեկտիվը եւ նախարարությունը, բայց կարոտն առնում է, լինում է նախարարությունում, հաճախ հանդիպում է կոլեգաներին` նախարարին, փոխնախարարներին: Հարցին, թե նոր նախարարը չի տրտնջում, չի խնդրում վերադառնալ, Տիգրան Դավթյանն ասաց. «Նախարարը տառապում է, որովհետեւ ծանր է այդ բեռը իր վրա, ինքը հասկանում եւ ընկալում է, որ ծանր բեռ է վերցրել, բայց հիմա դա է, վերցրել է եւ պետք է տանի, հեշտ չի, դժվար է, բայց ես էլ իրեն հնարավորին չափ օգնում եմ խորհուրդներով, անմիջական եւ անընդհատ ջերմ շփումների մեջ ենք»,- ասաց նա:

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ շատ անելիքներ կան ապագայում, նոր առեւտրային պայմաններ, նոր ծրագրեր, միջազգային ձեւաչափի  բանակցություններ են  ընթանում, որին պետք է ավելի ակտիվ մասնակցել, «պետք է ավելի ակտիվ լինենք ԱՊՀ մեր գործընկերների հետ, որոշ դեպքերում միասնական դիրքորոշում ցուցաբերենք, պետք է կարողանանք ավելի բարենապստ պայմաններ ապահովենք մեր էքսպորտի համար, արտահանողների, արդյունաբերողների համար պետքբ է իդեալականին մոտ պայմաններ ստեղծենք համաշխարհային տնտեսությանը  ինտեգրվելու համար»: