Չի բացառվում, որ Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերանորոգման նախագիծը ավարտին կհասցվի այն պարզ պատճառով, որ Թուրքիան այսօր զբաղված է արտաքին քաղաքականության վերակողմնորոշմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուս տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը:
Նրա խոսքով, Թուրքիան շարժվում է իր գլոբալ ազդեցության հզորացման ուղղությամբ: «Այդ տեսակետից ես չեմ բացառում, որ ներքաղաքական դժվարությունների պայմաններում վարչապետ Էրդողանը կցանկանա Հայաստանին որոշակի ազդանշան ուղարկել, չնայած այն հանգամանքին, որ չի հաջողվել ապահովել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրերի վավերացումը»,- նշել է Իոսիֆ Դիսկինը, չբացառելով, որ Էրդողանը կկիրառի միջանցիկ քայլերի քաղաքականություն եւ կգնա տրանսպորտային մայրուղու բացմանը, հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր գտնվում է տրանսպորտային դժվարին մեկուսացման մեջ: Նա նաեւ հավելել է, որ թուրքական կողմից բավական տարօրինակ է ճանապարհը հասցնել մինչեւ Հայաստանի հետ սահման ու չբացել այն:Անդրադառնալով ադրբեջանական գործոնին, Իոսիֆ Դիսկինը կարծիք է հայտնել, որ ճանապարհը հասցնելով մինչեւ Հայաստանի սահմանը, Թուրքիան կբանակցի Լեռնայի Ղարաբաղի խնդրի առաջխաղացման պայմանների կատարման շուրջ: «Կարծում եմ, որ Թուրքիան խոշոր խաղացող դառնալու համար հենց այդ նախագիծը կցանկանա օգտագործել, հաշվի առնելով, որ այսօր ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ ինքն այլեւս ակտիվ խաղացող չէ»,- եզրափակել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի երկաթուղային ճանապարհների Էրզրումի մարզային բաժանմունքի ղեկավար Յունուս Էշլիյուրթի հաղորդագրության համաձայն, երկաթգծի վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսին եւ արագորեն առաջ են ընթանում: Մինչեւ տարվա վերջ կավարտվեն երկաթգծի վերանորոգման աշխատանքները Կարսից Աքյաքա, այսինքն մինչեւ Հայաստանի սահման:Նշենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի հետ սահմանը տանող ճանապարհի վերանորոգման խնդրով հանդես եկավ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Ահմեդ Արսլանը, ընդգծելով, որ այդ աշխատանքները դեռ չեն ենթադրում Հայաստանի հետ սահմանի բացում, քանի որ մի շարք հարցեր շարունակում են չլուծված մնալ:





























