Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆին պաշտոնական մեղադրանք են ներկայացրել 2007թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի դեմ դավադրության եւ սպանության համար: Օգոստոսի 20-ին նա կանգնել է Պակիստանի Ռավալպինդի քաղաքի ահաբեկչության գործերով հատուկ դատարանի առաջ: Մուշարաֆին մեղավոր ճանաչելու դեպքում նրան կարող է սպառնալ մահապատիժ կամ ցմահ բանտարկություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Մուշարաֆը մեղադրվում է երեք գործով. Բհուտոյի, 2006թ. Բելուջստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուտիի սպանության եւ 2007թ. արտակարգ դրության ներմուծման եւ Գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու գործերով: Ներկայումս Մուշարաֆը տնային կալանքի տակ է` Իսլամաբադի մոտ գտնվող Չակ Շահզադի իր առանձնատանը: Փերվեզ Մուշարաֆը Պակիստանը գլխավորել էր 1999-2008թթ.: Նա իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման միջոցով:

Նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն ընդդիմության առաջնորդներից էր, որն սպանվել էր 2007թ.` Ռավալպինդիում իր նախընտրական հավաքի ժամանակ: 2008թ. Մուշարաֆին իմպիչմենթ էր սպառնում, նա լքել է Պակիստանը եւ ժամանակավորապես տեղափոխվել Լոնդոն: Պակիստանի նոր իշխանությունները նախկին նախագահի դեմ երկու քրեական գործ էին հարուցել: 2013թ. մարտին Մուշարաֆը կամավոր Պակիստան էր վերադարձել` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Սակայն ապրիլին նախկին նախագահը դատարանի որոշմամբ սկզբում հեռացվել էր նախընտրական պայքարից, այնուհետեւ կալանավորվել: