Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ oգոստոսի 20-ին, քառօրյա աշխատանքային այցով  մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի նպատակը համագործակցության պայմանագրերի կնքումն է կոնկրետ ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակում, փոխօգնություն՝ պարտապանի եւ նրա գույքի հետախուզման գործառույթներում: Վերոնշյալը բխում է 2013 թվականի մայիսի 16-ին Երեւանում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի միջեւ ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթներից:

Ըստ օրակարգի՝ օգոստոսի 20-23-ը Տալլինում նախատեսվում են   հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի, Գերագույն դատարանի, արդարադատության նախարարության, ինչպես նաեւ Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն համագործակցության խորացման այլ ուղղություններ եւս: