Տաջիկստանի հյուսիսում` Ղրղըզստանի հետ սահմանի մերձակայքում գտնվող գյուղացիական տնտեսությունում օգոստոսի լույս 20-ի գիշերը հինգ հոգանոց ընտանիք են վերացրել: Նախնական տվյալով` հանցագործները մի քանիսն են եղել:
«Ազիա պլյուսի» տվյալով` զոհ են դարձել պահակ Աբդուկահոր Հալոկովը, նրա կինը, երկու թոռները եւ ազգականներից մեկը: Սպանության շարժառիթն առայժմ անհայտ է:
Գործակալությունը հայտնում է, որ տվյալ գյուղացիական տնտեսությունը գտնվում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի միջեւ վիճելի տարածքում: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են երկու երկրների իրավապահները:
Նմանատիպ սպանություն Տաջիկստանում կատարվել էր հունիսի սկզբին: Անհայտ անձինք սպանել էին Սոգդիի մարզի բնակիչ Բոբոեւների ընտանիքին, որոնք ոսկու առեւտրով էին զբաղվում: Հանցագործներն առեւանգել էին նրանց մոտ եղած արժեքավոր իրերը եւ հեռանալիս այրել տունը: Մեծ արձագանք ստացած սպանությունն առայսօր բացահայտված չէ:




























