Եվրախորհրդարանի Միջազգային հարցերով հանձնաժողովը օգոստոսի 28-ին Եգիպտոսի եւ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ արտակարգ նիստ կանցկացնի, որի նախաձեռնողը հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքն է: Վերջինս առաջարկում է քննարկել այն հարցը, թե ԵՄ-ն ինչպես պետք է արձագանքի այդ երկրներում զարգացող դեպքերին, հայտնում է  «Ազատություն» ռադիոն:

«Պետք է գնահատենք նաեւ Ռուսաստանի վերջին սպառնալիքների հետեւանքները, որոնք կարող են Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում  սահմանափակել առեւտուրն Ուկրաինայի հետ», - Բրոքի խոսքերն է փոխանցում ՈՒՆԻԱՆ-ը:

Ավելի վաղ Էլմար Բրոքը (Գերմանիա) եւ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում ժողովրդական կուսակցությունների խմբի ղեկավար Յացեկ Սարյուշ-Վոլսկին (Լեհաստան) հայտարարել էին, որ ԵՄ-ն Ուկրաինային պետք է պաշտպանի Ռուսաստանի հետ առեւտրային պատերազմից:

Ըստ Բրոքի ու Սարյուշ-Վոլսկու` ուկրաինական իշխանությունը եւս պետք է անի ամեն անհրաժեշտը, որպեսզի նոյեմբերին ստորագրի Ասոցացման  մասին համաձայնագիրը, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:

Հիշեցնենք, ռուսական մաքսային ծառայությունն օգոստոսի 14-ից խստացրել է վերահսկողությունը Ուկրաինայից կատարվող բեռնափոխադրումների նկատմամբ: Ուկրաինական արտադրողները հայտարարել են, որ իրենց մատակարարումները ռուսական շուկա փաստացի արգելափակված են: Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից Ասոցացման  մասին համաձայնագիր  ստորագրելու դեպքում մաքսային վարչարարությունը կարող է խստացվել: