Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը շարունակում է ճանապարհորդել Հայաստանով եւ տպավորությունները պատմել Twitter-ի իր միկրոբլոգում:

Այս անգամ նա այցելել է Տավուշի մարզ, ինչից հետո ներկայացրել է այցից քաղած 10 դաս: «Նախ, նախագծումը, համագործակցությունը, մի փոքր մարքեթինգը հազարավոր մարդկանց կհրապուրեն: Երկրորդ, կարելի է վարվել «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նման` մեղրի ու հատապտուղների փառատոն կազմակերպելով: Այդկերպ, դուք եւս հաջողության կհասնեք»,- գրել է նա:

Որպես արդյունավետ բիզնեսի օրինակ դեսպանը նշել է Ապարանի փուռը` նշելով նաեւ հայկական գետերի, օրինակ` Դեբեդի գեղեցկությունը: Ըստ դեսպանի` Հայաստանի լեռնային գետերը աննշան ներդրումների դեպքում կարող են կայաքինգի զբոսաշրջային կենտրոն դառնալ:

Ջոն Հեֆֆերնը անդրադարձել է նաեւ Խաղաղության կորպուսի կամավորների եւ Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Տիմատի Սթրեյտի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ մեղրի ու հատապտուղների փառատոնի կազմակերպման գործում Բերդի քաղաքապետի կարեւոր դերակատարությանը:

«Տեղական ինքնակառավարման մարմինների դերը առանցքային է: Յուրաքանչյուր երկրում քաղաքապետերը բախվում են ընդհանուր մարտահրավերների: Քաղաքապետերի ասոցիացիան լավ նախաձեռնություն է», - նշում է ԱՄՆ-ի դեսպանը:

Ըստ նրա` տեղի քահանան եւս կարող է փոխել վիճակը: «Հայր Արամը Բերդում տեղի բնակիչների հետ իմ իմացած ցանկացած այլ հոգեւորականից լավ է աշխատում»,- գրել է նա: Դեսպանը կարծում է, որ Հայաստանում նաեւ լավ կաշխատեն գյուղատնտեսական կոոպերատիվները` որպես օրինակ նշելով Վարագավանի գյուղատնտեսներին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպության կողմից տրամադրված տրակտորները: