Ռուսաստանի եւ Եվրամիության մրցակցությունը այս տարածաշրջանի համար թեւակոխում է նոր՝ ավելի հետաքրքիր փուլ։ Այս մասին այսօր՝  օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս դրաման նոր չէ, ինչ ծավալվում է։ Այդ մրցակցությունը, Ստեփան Սաֆարյանի խոսքով, սկիզբ առավ դեռեւս 2009թ, երբ Եվրամիությունը սկսեց այս տարածաշրջանում իրականացնել Արեւելյան գործընկերության ծրագիրը, եւ Ռուսաստանի ընկալումն այն էր, որ դրանով Եվրոպան ավելացնում էր իր տնտեսական, ռազմական հնարավորությունները։

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը շեշտեց, որ դիսկուրսը թեժանում է, եւ ռուս-ադրբեջանական գործարքները սպառազինությունների մասով որոշակի նախազգուշացում է Հայաստանին։ «Ակնհայտ է, որ լարվածությունը աճում է այս տարածաշրջանում, Հայաստանի եւ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը արտասովոր են եւ տրադիցիոնից տարբերվող»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանը դիմակայելու մեծ ռեսուրսներ չունի, այս պարագայում շատ բան կախված է լինելու Ուկրաինայից, եթե հաջողվի խուսանավել այս ճնշումների իրավիճակում եւ չստորագրել ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը եւս կունենա խուսանավելու հնարավորություն, այլապես նա մեծ կասկածներ ունի, որ Հայաստանը միայնակ կկարողանա դիմակայել։

Ստեփան Սաֆարյանը կանխատեսեց, որ մենք բավականին բուռն զարգացումների ենք ականատես լինելու աշնան ընթացքում, Եվրասիական միություն, թե եվրոպական ինտեգրում հարցը ավելի է գերակայելու քաղաքական օրակարգում է, մասսամբ ազդելու է նաեւ ներքաղաքական իրավիճակի վրա, «նոր շրջան է, որովհետեւ նոր բալանս պետք է հաստտավի»։

Ստեփան Սաֆարյանը նաեւ նշեց, որ մենք Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում ենք այն աստիճան, որից եհտո Հայաստանը կարող է մտածել անդամակցելու, չանդամակցելու մասին։  «Այս համաձայնագրերի ստորագրումը ամենեւին չի նշանակում այդ երկրների անդամակցոմը Եվրամիությունը։ Անիմաստ է դա նույնացնել անդամակցության խնդրի հետ։ Անգամ եթե տեխնիկական ստանդարտների առումով Հայաստանը նույնական լինի Եվրոպային, դրանից չի բխում, թե վայրկյանների հարց է Հայաստանի անդամակցումը, Ռուսաստանի վախերը եւ մտահոգությունները հիմնազուրկ են, արդարացված չեն, ամուսինների միջեւ հիմնազուրկ խանդի իրավիճակ են հիշեցնում»,- ասաց «Ժառանգության» քարտուղարը։

Ամփոփելով՝ Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ Հայաստանի չունի խուսանավելու մեծ պատուհան, բայց պետք է ունենա ճկունության մեծ աստիճան։ Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանի չունի ռեսուրս արմատապես փոխելու արտաքին քաղաքականությունը, բայց ունի ռեսուրս խորացնելու հարաբերությունները Եվրամիության հետ: