Հայաստանի կառավարությանը կից ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն անհարժեշտ է որպես համակարգող մարմին: Նման կարծիք օգոստոսի 20-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
«Պետք չէ կարծել, որ այդ կառույցը կրկնօրինակում է ինչ-որ մեկի գործառույթները եւ ստեղծվում է որպես նոր պաշտոնների հավաքածու, այդ թվում՝ Նարեկ Սարգսյանի համար: Ես առհասարակ չեմ հասկանում հասարակության մեջ նրա դեմ ուղղված քարոզչությունը: Հատկապես, երբ նրան քննադատում են այն մարդիկ, որոնք այնքան էլ շատ բան չգիտեն ճարտարապետության մասին»,-հայտարարել է Իգիթյանը:
Նրա խոսքով՝ ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն կատարելու է միեւնույն գործառույթները, ինչ ժամանակին քաղաքացիական շինարարության եւ ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն:
Հիշեցնենք, որ կառավարությանը կից ճարտարապետության հարցերով պետական կոմիտեն ստեղծվել է նախագահի հրամանով եւ գործառում է հուլիսի 22-ից: Այն գլխավորում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:





























