Չելյաբինսկի մանկատներից մեկը կստուգեն` 9-ամյա աղջնակի նկատմամբ ավագ սաների ցուցաբերած դաժան վերաբերմունքի կապակցությամբ, ասված է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտա Պավլովայի կայքում: 

Հաղորդագրության մեջ նշված է, որ նյարդաբանի մոտ հաշվառված աղջկան, որը մանկատանն էր հայտնվել ինն ամիս առաջ, հենց սկզբից  չեն հավանել չորս ավագ սանուհիներ: Հուլիսին տարածքի մաքրման ժամանակ նրանք «կապկպել են աղջկա ձեռքերն ու ոտքերը, նրան գցել  աղբով եւ կոտրված ապակիներով պարկի մեջ, որի բերանը կապել են եւ աղբանոց նետել»: Աղջիկը կարողացել է դուրս գալ: Բազմաթիվ  վերքերով, կապկպված ձեռքերով` աղջիկը հասել է մանկատան այն վայր, ուր հսկող տեսախցիկներ են տեղակայված  եւ օգնություն է կանչել, սակայն աղջկան շուտ չեն նկատել:

«Կատարվածի մասին նա անմիջապես պատմել է առաջին պատահած դաստիարակին: Եվ  մանկավարժը պատասխանել է. «Դրանք քո խնդիրներն են: Ինքդ լուծիր»», - ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է «ԱիՖ»-ը:

Հիշեցնենք, որ մայիսին մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում հայտնված տեսագրությունը, որտեղ Ռուսաստանի Ամուրի մարզի մանկատան ավագ սաները ծեծում էին փոքր տղաներին: