ԱՄՆ-ում լոսանջելեսցի հային դատապարտել են 6 տարի եւ 4 ամիս ազատազրկման՝ Բրանսուիքում կեղծ ընկերությունների միջոցով փողեր լվանալու պատճառով: Նրան սպառնում է դեպի Հայաստան արտաքսում: Այս մասին գրում է «The Florida Times-Union»-ը:

ԱՄՆ-ի Բրասուիքի շրջանային դատարանի գլխավոր դատավորը Ավետիք Մոսկովյանի դատավճիռը կայացնելիս սահմանել է նաեւ, որ նա պետք է վճարի 309 հազար դոլար՝ որպես փոխհատուցում եւ եւս 3 տարի պետք է փորձաշրջան անցնի: Ապրիլին նա խոստովանել է, որ Սահակ Թումայանի եւ այլոց հետ միասին գումար է լվացել Լոս Անջելեսում ստեղծված հատուկ սխեմայի միջոցով: Այդ նպատակով նրանք օգտվել են Բրանսուիքում, Սավաննայում, Բուֆֆալոյում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Ալբուքերքում եւ այլ վայրերում եղած կեղծ ընկերություններից:

Դատական նիստի ընթացքում Մոսկովյանը ներում է հայցել: «Աղերսում եմ՝ չկործանեք ընտանիքս: Ես երեխաներ ունեմ: Դա մեծ ազդեցություն կունենա նրանց ապագայի վրա»,-ասել է նա: Չնայած այդ ամենին, դատավորը նրան առավելագույն դատավճռի է դատապարտել: