Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառություններին: Այդ մասին ասվում է Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:
Հարցին, արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, մենք հավատարիմ ենք մնալու միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառություններին եւ գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով եւ համաձայնություններով ստանձնած պարտականությունների համաձայն, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարեւոր` ազատ, անկաշկանդ եւ գիտակից որոշման»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Հայաստանի ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակ Դրագան Ռանկովիչի հետ հանդիպման ընթացքում փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչին տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը փոշմանել է եւ Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնել։
2012թ. հուլիսի լույս 26-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսարեւելյան շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել: Մինչեւ վերջերս գերին հրաժարվում էր հայրենիք վերադառնալուց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել:





























