Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված, այնուհետեւ նախարարի օգնական նշանակված Վահե Էլոյանն ազատվել է նաեւ այդ պաշտոնից: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը: Նա նշեց, որ օգնական նշանակվելուց հետո Վահե Էլոյանը չի ներկայացել աշխատանքի եւ չի անցել աշխատանքային պարտականությունների կատարմանը, բայց իրենց հասած տեղեկություններով` երբեմն երեւացել է շենքի մոտ, եղել է նաեւ առաջին հարկում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, բայց վերեւ չի բարձրացել, աշխատասենյակ չի մտել:
Մամուլի քարտուղարն ասաց, որ նախարարության աշխատակազմից երկու անգամ գրություն է ուղարկվել նրան` խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր բացակայությունների վերաբերյալ, բայց այդ գրություններն այդպես էլ մնացել են անպատասխան: «Հետեւաբար` աշխատանքային օրենսգրքի համապատասխան օրենքի համապատասխան կետով օգոստոսի 7-ին նրան ազատել են աշխատանքից, ինչի մասին եւս պաշտոնապես ծանուցվել է Վահե Էլոյանին` նշելով , թե ինչ հիմքերով է ազատվել»,- ասաց Սյուզի Բադոյանը:
Ի դեպ, Վահե Էլոյանն իրեն աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու համար հայց էր ներկայացրել դատարան, որն ընդունվել է վարույթ: Մեր տեղեկություններով` այս գործով առաջին դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ: Ի դեպ, Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում: Սկզբից հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, սակայն հետո պարզ դարձավ, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի, նշանակվել էր նախարարի օգնական: Մեր տեղեկություններով` Յուրի Վարդանյանի եւ Վահե Էլոյանի միջեւ պայմանավորվածություն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, սակայն Վահե Էլոյանն այդպես էլ չի գրել դիմում:





























