Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, թե վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կնոջը՝ Եկատերինա Խվեդելիձեին պատկանող «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը ստեղծվել էր հատուկ նրա համար, որ անհրաժեշտ պահին եթերում ցուցադրվեն բանտերում դատապարտյալներին կտտանքների ենթարկելու աղմկահարույց տեսագրությունները: Համապատասխան հայտարարությունը Սահակաշվիլին արել է օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը:

««9-րդ ալիքը» հատուկ ստեղծվել էր, որ եթեր հեռարձակեր մեկ կոնկրետ ռեժիսորի՝ Վլադիմիր Բեդուկաձեի նկարած ֆիլմը»,- ասել է Սահակաշվիլին:

Ըստ Սահակաշվիլիի, տեսագրությունները, որոնք ցուցադրվել էր 2012թ. հոկտեմբերին, ալիքի սեփականատիրոջ մոտ եղել են առնվազն 2011թ. ամռանից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի նախագահը ասուլիսի ընթացքում նաեւ մեղադրել է Վրաստանի հանրային հեռարձակողին իր հարցազրույցը կտրելու մեջ: «Ես մեծ հարցազրույց էի տվել առաջին ալիքին՝ Ռուսաստանի հետ պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ, բայց իմ բոլոր կտրուկ հայտարարությունները, որոնք կարող էին դուր չգալ Մեդվեդեւին եւ Պուտինին, կտրել էին»,- ասել է Սահակաշվիլին: