Արեւային ջրատաքացուցիչները կրճատում են ջրի տաքացման ծախսերը առնվազն 80 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց սիրիահայ գործարար Շահե Չերքեզյանը նշելով, որ այժմ «Վերականգնվող էներգիայի համակարգեր» արեւային վակուումային ջրատաքացուցիների գործարանի շինարարությունը գտնվում է նախապատրաստական փուլում և նախատեսվում է գործարկել 2014 թվականին:
«Արդեն մեկուկես տարի է, որ արեւային ջրատաքացուցիչների համակարգի ներդրում է կատարվում Հայաստանում։ Այս աշխատանքն իրականացնում է «ՎԷՀ» (Վերականգնվող էներգիայի համակարգեր) ընկերությունը։ Մինչեւ այժմ ուսումնասիրություններ էին կատարվում, օրինակ՝ արեւոտ օրերի, ջերմության, ինչպես նաեւ արտարդրության կազմակերպման ուղղությամբ։ Այժմ սկսում ենք հաջորդ փուլը, այսինքն՝ գործարանի կառուցման փուլը»,-ասաց Չերքեզյանը՝ ավելացնելով, որ ներկայումս Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող արեւային ջրատաքացուցիչների իր գործարանը շարունակում է աշխատել, սակայն ոչ մինչպատերազմյան ծավալներով։
«Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանում կառուցվելու է Սիրիայում գործող գործարանի կրկնօրինակը։ Հայաստանում շուկան բավարար է մեր նպատակների համար, սակայն նաեւ մտածում ենք արտահանման մասին»,- նշեց գործարարը։
Չերքեզյանի խոսքով՝տեղական արտադրության ջրատաքացուցիչները, որոնք հանդես են գալիս «Արփի» ապրանքանիշով, տեղադրվում են սկսած 550 դոլարին համարժեք դրամից: «Ջրատաքացուցիչների տեղադրման հատուկ տեխնոլոգիա կա, եւ դրան տիրապետող մասնագետներ են անհրաժեշտ։ Մենք ունենք արդեն մասնագետներ, ովքեր ավելի քան 100 արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրել Հայաստանի տարբեր հատվածներում»,- նկատեց գործարարը։
Չերքեզյանի հավաստմամբ, ջրատաքացուցիչների ջրի տաքացման ծախսերի էապես նվազեցումը նաեւ ռազմավարական նշանակություն ունի։ «Մինչեւ 80 տոկոս ծախսի նվազեցման հանգամանքը կարեւոր է ոչ միայն խնայելու տեսանկյունից, այլեւ ռազմավարական հարց կարող է լուծել էներգակիրներ չունեցող Հայաստանում»,- ասաց սիրիահայ գործարարը։






























