Ներգաղթյալների համար Մոսկվայի Գոլյանովո մարզում գտնվող ժամանակավոր քաղաքը չեզոքացրել են, օգոստոսի 20-ին հաղորդում է մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նա հայտնում է, որ օտարեկրյա քաղաքացիների մի մասը արտաքսվել է, մնացած 234 հոգին տեղափոխվել են Սեվերնի գյուղում տեղակայված օտարերկրյա քաղաքացիների համար հիմնված կենտրոն: Նրա խոսքով, ներգաղթյալների տեղափոխումը կարագացնի տվյալների բազայում նրանց ստուգման եւ արտաքսման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը: Նա նաեւ ընդգծել է, որ  այլեւս հարկ չկա վրանային քաղաքը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտպանել, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Անօրինական ներգաղթյալների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել միջադեպից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի վերջին Մատվեեվսկի շուկայում: Ենթադրյալ մանկապիղծի ձերբակալման ժամանակ 28-ամյա անտոն Կուդրյաշովը գլխին հարված էր ստացել եւ գլխուղեղային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Արտակարգ իրավիճակից հետո ոստիկանությունը մայրաքաղաքի շուկաներում խիստ ստուգումներ սկսեց անցկացնել: Անլեգալների համար Գոլյանովոյում հիմնվեց հատուկ վրանային քաղաք: