Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ իր հայրենիք վերադառնալու հարցում որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին ԱՊԱ-ին հավաստիացրել է պետական կոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը:
Նա հայտարարել է, որ «այն բանից հետո, երբ կպազվի, թե ինչ պատճառով է նա հատել սահմանը, նա կարող է վերադառնալ Հայաստան կամ որեւէ այլ երկիր՝ իր ցանկությամբ»: «Երեկ ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցիչները հանդիպել են ռազմագերուն: Հնարավոր է, որ երեկ պարզ է դարձել, արդյոք նա ցանկանում է իր երկիր վերադառնալ, թե՝ որեւէ այլ: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից: Մենք այդ հարցում որեւէ խնդիր չենք տեսնում»,-հայտարարել է Սաիլովը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Կարմիր Խաչին միայն երեկ է հաջողվել հանդիպել հայ ռազմագերուն:





























