Այսօր`  օգոստոսի 21-ին, առավոտից, երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ:

«Ասպարեզ» օրաթերթի տեղեկություններով` պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ եւ երկաթուղային կայարանը՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին: Ինչպես նշել է Արտենիի կայարանապետը, երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում: «Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են: Մենք էլ չեն ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են:

2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին:«երեկ երեկոյան ժամը 17:27-ին հրաման տվեցին, առավոտյան եկել են քանդելու»,-իրավիճակը ներկայացրել է Արթուր Առաքելյանը:

Կայարանապետը այս մասին իրազեկել է եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, եւ ոստիկանությանը, եւ իշխանություններին: Զանգահարել է նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Օրաթերթը կապ է հաստատել  նաեւ Արտենի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի հետ, վերջինս նշել է, որ երկաթգծի քանդման մասին րոպեներ առաջ է տեղեկացել. «Պետք է իջնեմ կայարան, տեղում տեսնենք իրավիճակը, նոր որոշենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու».- նշել է նա:

Արտենիի բնակիչները եւս դժգոհ են, նրանք հավաքված են կայարանում: Իրավիճակը, ըստ զրուցակիցների, կարող է սրվել: