Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում:

Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ախուրյան համայնքի եւ Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարեւանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու եւ լուսանկարահանելու նպատակով: Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել:

Շինհրապարակն ամայի էր եւ լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որեւէ նոր բան չէր ավելացել: Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: