«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել է Երեւանի քաղաքապետարան արված հարցման պատասխանը` տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ հանրային քննարկումներին մասնակցելու խնդրով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ից: «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. հուլիս 29-ին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ հայտնելով իր պատրաստակամությունը՝ մասնակցելու տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Եվ ահա, օգոստոսի 20-ին, ի վերջո, ստացել ենք քաղաքապետարանի ապշեցուցիչ պատասխանը, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չէինք սխալվել՝ ավելի վաղ նշելով, որ քաղաքապետարանում հավանաբար տեղյակ չեն, որ գոյություն ունի ՀՀ Կառավարության 2010 թ.-ի մարտի 25-ի N 296-Ա «Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին» որոշում: Քանզի ի պատասխան մեր գրության նշվում է, որ քննարկումներին կազմակերպությունների (անհատների) ընդգրկման հարցը քննարկվելու է ընդհանուր համատեքստում, մինչդեռ համաձայն Կառավարության վերոնշյալ որոշման 1-ին մասի 4-րդ կետի հանրային քննարկումնեին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Սակայն քաղաքապետարանում դեռ պատրաստվում են «Ընդհանուր համատեքստում» քննարկել կազմակերպությունների ընդգրկման կարգը՝ չնշելով անգամ, թե ինչ նկատի ունեն ընդհանուր համատեքստ: Նույն տրամաբանությամբ չի բացառվում նաեւ, որ ավելի ուշ հայտարարեն, որ պատրաստվում են հանրային քննարկում իրականացնել այդ «ընդհանուր համատեքստում քննարկում իրականացնելու համար» հանձնաժողողի ձեւավորման նպատակով: Իսկ քանի որ վերջին ժամանակներում նորաձեւ է դարձել մրցույթների կազմակերպումն ու անցկացումը, հնարավոր է մի մրցույթ էլ հայտարարվի հանձնաժողովի կազմ ընտրող հանձնաժողովի համար եւ այդպես շարունակ:
Ստացվում է, որ դեռ հանրային քննարկումները չսկսված արդեն խախտվել է Կառավարության որոշման պահանջը: «Հակաիրավական հանրային քննարկում»... հետաքրքիր է ասված»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:





























