Օգոստոսի 21-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, եւ ինքնասպանության փորձ կատարողներ չկան:

Ի դեպ, Կոմիտաս 5-ը այն հասցեն է, որտեղ իրականացվում է շինարարություն եւ բնակիչները դեմ են դրան: Այսօր առավոտվանից այդտեղ լարված իրավիճակ է, նույնիսկ բախում է եղել ոստիկանների եւ բնակիչների միջեւ, ովքեր փորձում են կանխել այդ շինարարությունը:

Aravot.am-ը հաղորդում է, որ Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով  խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կես ժամ է տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել է կտրել երակները: Այս պահին ակտիվիստի հետ բանակցում են ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները: Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել է այսօր առավոտյան: Այս պահին նա արդեն իր թեւը կապել է պարանով եւ աշխատեցնում է բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով:

Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը «Առավոտին» հայտնել է, որ տվյալ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում: