Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով այսօր` օգոստոսի 22-ին, կրկնակի փորձաքննություն կկատարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեպքի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Այս փորձաքննությունը վերաբերում է դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերին, որը փաստաբանին խիստ կասկածելի էր թվացել, նա պահանջել էր կրկնակի փորձաքննություն եւ այդ միջնորդությունը բավարարվել էր քննիչի կողմից: Փաստաբանը այժմ Գորիսի ճանապարհին է, գնում է մասնակցելու կատարվելիք փորձաքննությանը: Հայկ Ալումյանը նշեց, որ այս կրկնակի փորձաքննության հետ հույսեր է կապում, «կարծում եմ` այս, ինչ-որ բան կտա»: Նա նշեց, որ շուտով, հավանաբար մի քանի օրից, կունենա այդ փորձաքննության պատասխանը:

Փաստաբանն դեռ նորություն չունի` իր Դատախազություն հասցեագրված, որտեղից էլ ՀՔԾ վերահասցեագրված նամակներից: Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանին, ապա, Հայկ Ալումյանն ասաց, որ նա լավ է, փաստաբանը իր պաշտպանյալի հետ խոսել է երեկ, նրան տեսել է երկու շաբաթ առաջ, այժմ գնդապետը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ծառայության մեջ:

Մինչեւ այդ Ալումյանն ասել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով ավարտված որոշ փորձաքննությունների արդյունքներով Արտակ Բուդաղյանի մեղքը հերքվում է: Ինչպես նաեւ նշել էր, որ պատրաստվում է կրկնակի փորձաքննության միջնորդություն անել փորձաքննություններից առնվազն մեկի վերաբերյալ, որի մասին այդ պահին նախընտրել էր չխոսել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: