Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «աչքի տակ» Արարատի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուներ չունի, դեռ չի էլ մտածել այդ ուղղությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանն ասաց, որ դեռ այդ հարցով քննարկումներ չի կատարել, դրանք կլինեն, երբ կլինի Կառավարության որոշում` Աբրահամ Բաբայանին մահվան կապակցությամբ քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին: «Դեռ այդ ուղղությամբ ես չեմ մտածել, չեմ կարող անուններ ասել, կմտորեմ այն ժամանակ, երբ Կառավարության որոշումը կլինի ազատման»,- ասաց Էդիկ Բարսեղյանը:
Մարզպետը նշեց, որ ընտրությունների օրը նշանակվելու պես կուսակցության շրջանային կազմակերպության խորհրդի հետ կքննարկեն այդ հարցը, ՀՀԿ-ից կառաջադրեն իրենց թեկնածուին, կպաշտպանեն նրան, կապահովեն արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ իրենց թեկնածուի հաղթանակը:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող հավանական թեկնածուների անուններին, օրինակ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, ապա Էդիկ Բարսեղյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի որդին ո՞նց կարող է Արարատ քաղաքում առաջադրել իր թեկնածությունը, երբ նա Արտաշատի գրանցում ունի»: Իսկ թե հնարավոր չէ արագ փոխել գրանցումը, ապա մարզպետը չցանկացավ մեկնաբանել այդ լուրերը:
Նշենք, որ Արարատի ավագանին օրերս նիստ է գումարել, քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահվան կապակցությամբ որոշում ընդունել նրան աշխատանքից ազատելու մասին: Ըստ ընթացակարգի` այդ որոշումը ուղարկվում է Արարատի մարզպետարան, այդտեղից էլ` Կառավարություն, եւ Կառավարության որոշմամբ քաղաքապետն ազատվում է աշխատանքից, նշանակվում է նոր ընտրության օր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են: «Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատեությունից հետո տեսել եմ, ծանր վիճակում, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար, բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասել է Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան: Աբրահամ Բաբայանի մահվանից հետո քաղաքապետի թեկնածուների մի շարք անուններ են շրջանառվում, օրինակ` Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյան, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղա` Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը եւ այլն:





























