Այսօր՝ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագրով 2013 թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը: Մինչեւ ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:

Նիստում հաստատվել է նաեւ երկրի հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, եւ 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ իրագործվելու է նաեւ դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի վառելիքի ծավալները մարզպետների հետ ճշտելուց հետո: