Սպառողական շուկայում քաոսային վիճակ է, թանկանում են պարենային եւ ոչ պարենային ապրանքները, բարձրանում է տրանսպորտի գինը, եւ այդ ամենն արվում է կամայականության սկզբունքով: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա անդրադարձավ սպառողական շուկայում առկա մի շարք խնդիրների: Խոսելով պաղպաղակների մասին` հ/կ-ի ղեկավարն ասաց, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են լուծել դրոշմավորման խնդիրը, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում առկա է հայերեն մակնշման խնդիր, օրինակ`  իրենք ուսումնասիրություն են արել լվացող, մաքրող միջոցների շուկայում եւ նկատել են, որ ապրանքների գերակշիռ մասը վաճառվում է առանց հայերեն մակնշման: Բաբկեն Պիպոյանի կարծիքով`  ամբողջ խնդիրը վերահսկողության պակասի մեջ է,այն շատ թույլ եւ վատ է:

Նույն խնդիրները առկա են նաեւ կոսմետիկ միջոցների շուկայում, երբ վերահսկողություն իրականացնող մարմինը տեղյակ չէ` շուկայում վաճառվող ապրանքն անվտանգ է, թե ոչ: