Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը, հավանաբար, այսօր միջնորդություն կներկայացնի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը:
Նա պատրաստվում է տեսակցել իր պաշտպանյալին, մի հատ փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու խնդիրը լուծել, որից հետո նախաքննությունը իրականացնող մարմնին կներկայացնի միջնորդությունը:
Նրա ներկայացնելիք միջնորդության վերաբերյալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյաը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Փաստաբանը իրավունք ունի, նույնիսկ պարտավոր է իր պաշտպանյալի շահերից բխող միջնորդություններ ներկայացնել, այդ առումով պաշտպանի գործողությունները հասկանելի են, բայց դրա հետ միասին նաեւ, իհարկե, բացակայում են որեւէ հիմքեր այդ միջնորդությունը բավարարելու համար»
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը: Իսկ հուլիսի 9-ին Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























