Ռուսաստանը Ադրբեջանին Մաքսային միությունում տեղ չի առաջարկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր խրամչիխինը՝ անդրադառնալով իրանական «Iras» հրատարակությունում «Պուտինի Ադրբեջան կատարած այցի պատճառները. էներգետիկայից մինչեւ աշխարհաքաղաքականություն» վերնագրով հոդվածին, որը նվիրված էր Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքներին:
Նրա խոսքով, ոչ մի հիմք չկա պնդելու, որ ռուսական կողմը ադրբեջանական կառավարությանը առաջարկել է ղարաբաղյան հարցի լուծումը քննարկել բացառապես ռուսական կառույցների շրջանակներում:
Նշենք, որ իրանական «Iras» հրատարակության հոդվածում նշվում է, որ թեեւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր անդամն է, իր քսանմյան աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրը այդքան էլ չի ցանկանում ղարաբաղյան հարցը լուծել Արեւմուտքի հետ համագործակցության ձեւաչափում: «Ակնհայտ է, որ ադրբեջանական կառավարությանը ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը կայանում է նրանում, որ այդ հարցը պետք է դիտարկել միայն ռուսական կառույցների շրջանակներում, մասնավորապես Եվրասիական միությունում, որը զարգանում է Պուտինի եվրասիական գղափարաբանության հունով, ինչպես նաեւ Մաքսային միություն Ադրբեջանի ներգրավմամբ»,-ասվում է հոդվածում:





























