Տյումենում վթար է տեղի ունեցել, երկու մարդ է զոհվել: Ականատեսները համացանցում անհավանական պատմություն են պատմում, թե իբր վթարի մասնակիցների ծանոթները զոհերի դիակները փախցրել են դեպքի վայրից` անտեսելով ոստիկանների արգելքը:
Ըստ ՆԳՆ-ի մարզային ԳՎ-ի պաշտոնական տվյալների` վթարը տեղի է ունեցել օգոստոսի լույս 23-ի գիշերը: Ճակատային մասով բախվել են Infiniti-ին եւ Daewoo Nexia-ն: Ըստ նախնական տվյալների` Infiniti-ի 36-ամյա վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել: Ուժեղ հարվածից զոհվել են Daewoo Nexia-ի վարորդը եւ ուղեւորը` երկուսն էլ 24 տարեկան: 21 տարեկան եւս մեկ ուղեւոր գլխի վնասվածք է ստացել: Infiniti-ի վարորդը մեջքի կոտրվածք է ստացել, ճակատի բաց վերք եւ ուղեղի ցնցում, հայտնում է «Ռոսբալտը»:
Ականատեսները պատմում են, որ վթարի վայրում կովկասցիներ են հավաքվել՝ բացառապես տղամարդիկ, այնուհետեւ ճիչեր են լսվել, տնքոցներ, հայհոյանք, լացուկոծ: «Հանկարծ հայտնվել է ՎԱԶ-2106 մակնիշի մեքենա, որը շրջանցել է մեքենաների եւ ոստիկանների շրջափակումը։ Դրա հետեւի դուռը բացվել է, եւ «տուժածին» տարել են», - գրում է ականատեսներից մեկը: Ըստ նրա` երկրորդ զոհի հետ էլ են նույնկերպ վարվել` չնայած մեքենան կանգնեցնելու ոստիկանների փորձին:
Մեկ այլ ականատես պատմել է, որ տեսել է «շատ մարդկանց, որոնց 90%-ը հարեւան երկրի քաղաքացիներ են եղել, բոլորը բղավում էին»: «Հանկարծ մոտենում է ՎԱԶ- 2107 եւ, անտեսելով ոստիկանների արգելքը, գողանում է դիակը: Ոստիկանները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն տեսուչներից մեկին քիչ է մնացել մեքենայի տակ գցեին… Մեքենան հեռացել է… Լսելի են եղել միայն ակցենտով խոսացողների ձայներ՝ իբր, նա դեռ տաք է ու ողջ», - պատմել է նա: Երկրորդ դիակը նույնկերպ են տարել։





























