Ստացվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի համակարգչատեխնիկական եւ տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի եւ ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին, «տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»: «Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին եւ նրա պաշտպան Հայկ Ալումյանին:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի եւ Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի եւ քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետեւ պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ»,- հայտնեց Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը: Իսկ հուլիսի 9-ին Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























