Մոլդովայի հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուին ներկայցրել են թյուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցման հիմնադրամի մրցանակը՝ «Հեյդար Ալիեւի» ոսկե մեդալը, ստանալու: Այս մասին հաղորդում է www.ca-news.org կայքը՝ վկայակոչելով «Հեյդար Ալիեւի» հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Տարբեր ժամանակներում «Հեյդար Ալիեւի» ոսկե մեդալի են արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ղրղըզ ականավոր գրող Չինգիզ Այթմատովը, Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուին մրցանակը կշնորհեն Բաքվում՝ բազմաթիվ պետական ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, մոլդովացի խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսում հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Այս հայտարարությունն առաջացրել էր բացասական արձագանք ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում, որտեղ  քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ դատապարտել էին այդ ելույթը՝ այն գնահատելով որպես սադրիչ, ուղղված իրադրությունը սրելուն: Մոլդովայի հայ համայնքը հայտնել էր խորհրդարանից պաշտոնապես Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պահանջելու մտադրության մասին:

Աուրելիա Գրիգորիուի գործողություններն ու Ադրբեջանում նրա «արժանիքների» ճանաչումը հաստատում է բազմաթիվ այն կարծիքները, որ մոլդովացի օմբուդսմենը կաշառված է: