Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված  28-ամյա Դավիթ Փահլեւանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նա դիմել էր Քրեական եւ զինվորական Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, դադարեցնել քրեական հետապնդումը, արդարացնել իրեն կամ պատիժը մեղմացնել: Սակայն, նրա վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ նրա պատճառաբանությունները, թե «իմացել է` խոսում է չափահաս կնոջ հետ», դատարանի կարծիքով`  հետապնդում է պատասխանատվությունից և ակնկալվող պատժից խուսափելու նպատակ:

Դավիթ Փահլեւանյանն այժմ դիմել է Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ 28-ամյա Դ. Փահլեւանյանը օգոստոսի 22-ին ոստիկանություն էր բերման ենթարկվել ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով: Փահլեւանյանը 8-ամյա աղջնակի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով: Տեւական ժամանակ երեխայի հետ վիրտուալ կապ պահպանելուց հետո հանդիպում է նշանակել, սակայն ոստիկանների միջամտությամբ այն կանխվել է: Նշենք, որ նա կազմակերպություններից մեկում աշխատում էր որպես ինժեներ Պարզվել էր, որ երիտասարդը զբաղվում է մանկական պոռնոգրոֆիայի տարածմամբ: Ձերբակալելիս նրա հեռախոսում հայտնաբերվել են մանկական պոռնկագրական տեսանյութեր:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին տեղի ունեցածը՝ նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասի (Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը) հատկանիշներով:

Պարզվել է, որ Դավիթ Գագիկի Փահլեւանյանը համակարգչում եւ «Նոկիա E 52» բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաեւ փորձել է ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ կատարել անառակաբարո գործողություններ, փորձել է երեխային ներգրավել պոռնկության եւ պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքներն ավարտին հասցնել` չիմանալով, որ նամակագրությունը վարում է այլ անձի հետ եւ չի կարողացել հանդիպել 8-ամյա Դ.Բ-ի հետ, նրա հետ ունենալ խաթարված ձեւի սեռական հարաբերություններ եւ այդ ամենը տեսանկարահանել, քանի որ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, այսինքն կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34– 166-րդ հոդվածի 1-ին մասով։