ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները ծառայողական դիրքն օգտագործել են իրենց սիրեցյալներին հետեւելու համար: Նրանք այդ գործողությունների համար հատուկ գաղտնաբառ են կիրառել` Love-int:
Սիրելիների լրտեսումը սկսվել է այն ժամանակ, երբ վերջիններս լքել են ԱՄՆ-ի տարածքը: Նախորդ շաբաթ պարզվել է, որ մեկ տարում անձնական կյանքի իրավունքի խախտումների թիվը գերազանցել է երեք հազարը, Associated Press-ը վկայակոչելով հայտնում է RT-ն:
ԱԱԳ-ի ղեկավար Ջոն Դելոնգը հայտնել է, որ մասնավոր հեռախոսազանգերի մեծամասնության գաղտնալսումը կատարվել է «սխալմամբ», սակայն հայտնաբերվել են նաեւ միտումնավոր արված խախտումներ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ աղմուկը բարձրացել էր, երբ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը The Guardian թերթի լրագրողներին պատմել էր PRISM գաղտնալսման ծրագրի մասին, որի օգնությամբ ամերիկյան հատուկ ծառայությունները «լրտեսել են» սեփական քաղաքացիներին: Ավելի ուշ հայտնի էին դարձել շարքային քաղաքացիներին եւ նույնիսկ այլ պետությունների ղեկավարներին գաղտնալսելու փաստեր:
Այնուհետեւ հրապարակվել էր նաեւ այն տեղեկությունը, որ ՀԴԲ-ին հասանելի են Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի եւ Apple-ի օգտվողների տվյալները: Երբ դա բացահայտվել էր, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ընկերությունների հաշիվներին խոշոր գումարներ էին փոխանցել՝ այդ փաստը քողարկելու համար:



























