Չինաստանում անհայտ անձը կոտրել է միջատներով  ջերմոցը, ազատության մեջ են հայտնվել 1,5 միլիոն խավարասերներ: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի արեւելյան Ցզյանսու նահանգի Դաֆեն քաղաքում: Խավարասերները փախել են ֆերմայից, ուր նրանց  բազմացնում էին արեւելյան բժշկության մեջ կիրառելու նպատակով: 

Արտասովոր ֆերմայի սեփականատեր Վան Պենշենը այդ բիզնեսով սկսել է զբաղվել մի քանի ամիս առաջ: Նա ձեռք էր բերել ամերիկյան խավարասերի 120 կգ ձու` հույս ունենալով  բազմացրած խավարասերներին վաճառել 1000 յուան կգ-ի դիմաց:

Մինչեւ 5 սմ երկարությամբ ամերիկյան խավարասերները վնասակար են համարվում, քանի որ բազմաթիվ վարակներ են փոխանցում: Սակայն չինական ավանդական բժշկության մեջ կենդանիների խառնուրդն օգտագործվում է ուռուցքաբանական հիվանդությունները բուժելու, այտուցվածությունը վերացնելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու  համար, հայտնում է ՆՏՎ-ն:

Այժմ տեղի սանիտարական ծառայությունները մտահոգված են` ինչպես ոչնչացնեն ազատության մեջ հայտնված վնասատուներին: