Սիրիային ռազմական հարված հասցնելու հավանականությունը մեծապես կախված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլորը սպասում են ԱՄՆ նախագահի որոշմանը:
«Կարծիք կա, որ ԱՄՆ-ը սպասում է ՄԱԿ-ի դիտորդների եզրակացությանը, նաեւ սեփական հետախուզության տվյալներին: Միայն դրանից հետո կատարվելիք քայլերը հստակ կլինեն»,- ասել է Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ ինչ-որ քայլեր միանշանակ կկատարվեն:
Առանց ՄԱԿ-ի թույլտվության Սիրիային հարվածելու հնարավորության մասին հարցին արաբագետը պատասխանել է. «Սպիտակ տունը քննադատության է ենթարկվում, որ ոչ բավարար վճռականություն է ցուցաբերում Սիրիայի հարցում, եւ Միացյալ Նահանգները որոշել են կոնկրետ քայլեր անել, սակայն այդ քայլերի բնույթը կախված է միայն Օբամայի որոշումից»: Գրիգորյանը նշել է, որ քննարկվումէ նաեւ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությւոնը, բայց եթե որոշվի հարվածել, դա տեղի կունենա:




























