Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից;

Յոթ ամսվա կտրվածքով ձեւավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ՝ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց (7 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ): Ըստ այդմ՝ յոթ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 76.8 եւ 71.5 տոկոսով:

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6% ով կամ 99 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին  պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով եւ պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6% ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների,  մաքսատուրքի եւ եկամտային հարկի աճով:

Ծախսային մասով բյուջեն կատարվել է առանց բյուջետային պարտքերի,  պետական մարմինների կողմից ստանձնած  պարտավորություններն ամբողջությամբ եւ ողջ ծավալով կատարված են: ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1% ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: