Դժվար է բառերով ներկայացնել այն հույզերը, որոնք առաջանում են Հայոց ցեղապանության թանգարան այցելելիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թաթարստանում փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման հարցերով համակարգող խորհրդի նախագահ, Միկրոֆինանսավորման կենտրոնի նախագահ Պավել Սիգալը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո:    

«Մենք եղել ենք Հայոց ցեղասպանության թանգարանում: Դժվար է բառերով արտահայտել այն հույզերը, որոնք առաջանում են այդ իրադարձությունների հետ կապված փաստերին ծանոթանալիս: Վերջերս եղել եմ Երուսաղեմի Յադ վա-Շեմում (Հոլոքոստի թանգարան): Պատմության մեջ երկու ժողովուրդներ, որոնք ցեղասպանության են ենթարկվել, հայերն ու հրեաներն են: Գիդը ճիշտ է նշել, որ եթե նախորդ դարի 20-ական թվականներին միջազգային հանրությունը քաղաքակիրթ եւ խիստ կերպով արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, ապա, հնարավոր է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունները չլինեին»,-ընդգծել է Սիգալը:

Հիշեցնենք, որ ռուս հասարակական գործիչների պատվիրակությունը, որ օգոստոսի 25-28-ն այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, օգոստոսի 29-ին Երեւանում այցելել է 1915թ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել եւ այցելել Ցեղասպանության թանգարան: Խմբի կազմում է ռուսական հետախուզության նախկին աշխատակցուհի, «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Չապմանը, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի թղթակից Ալեքսանդր Ռիժկովը եւ այլք: