Տասնհինգ տարի առաջ Միջուկային փորձարկումների արգելման մասնակի պայմանագրի ընդունմամբ միջազգային հանրությունը ավարտին հասցրեց առաջին քայլերը՝ ուղղված միջուկային զենքի փորձարկումներին հավիտյանս վերջ դնելուն: Այս նպատակը զինաթափման օրակարգում դեռեւս անավարտ եւ լուրջ խնդիր է: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Միջուկային զենքի դեմ պայքարի միջազգային օրվա 4-րդ տարեդարձի առթիվ ուղերձում:
«Չնայած նրան, որ քսան տարի է անցել այն բանից ի վեր, ինչ Զինաթափման հարցերով խորհրդաժողովը բանակցություններ սկսեց Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի շուրջ (ՄՓԱՀՊ), այս պայմանագիրը դեռեւս չի մտել ուժի մեջ:
Այսօր ամբողջ աշխարհում 183 երկրներ ստորագրել են ՄՓԱՀՊ եւ 159-ը՝ վավերացրել են այն: Այս տարի ավելի վաղ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից միջուկային զենքի փորձարկման դեմ ուղղված ուժեղ եւ միասնական պատասխանը ցույց տվեց միջազգային հանրության նվիրվածությունը՝ աջակցելու միջուկային փորձարկումների դեմ պայքարի համաշխարհային նորմերին: Այդուհանդերձ, որոշ պետություններ դեռեւս զերծ են մնում քայլեր ձեռնարկելուց՝ դրանով իսկ կանխելով ՄՓԱՀՊ ուժի մեջ մտնելը:
Ոչ մի արդարացուցիչ հանգամանք չկա՝ այս մեծ նպատակին հասնելը հետաձգելու համար: Ժամանակն է համաշխարհային արգելքով՝ այս մարտահրավերի դեմ պայքարի հնարավոր ամենավստահելի միջոցով, կանխել միջուկային փորձարկումների պատճառով առաջացող սարսափելի մարդկային եւ բնապահպանական հետեւանքները: Միաժամանակ, բոլոր պետությունները պետք է առկախեն միջուկային փորձարկումները: Ես նաեւ խրախուսում եմ քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջաններին եւ այլոց՝ շարունակել խթանել այս հույժ կարեւոր արշավը:
Նշելով Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը, եկեք վերջ դնենք միջուկային զենքի փորձարկումներին եւ հասնենք միջուկային զենքից ազատ աշխարհ»,- ասել է Բան Կի Մունը:





























