Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Սիրիայի դեմ գործողություն սկսելու իրավաբանական հիմք ունի, նույնիսկ եթե դա հավանություն չստանա ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: 

Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային օրենսդրությունը թույլ է տալիս միջամտել Սիրիայի հակամարտությանը՝ այդ երկրում հումանիտար աղետի հետեւանքները նվազեցնելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Reuters-ը:

«Ռազմական գործողությունների իրավաբանական հիմք կլինի հումանիտար միջամտությունը: Այն նպատակ ունի բարելավել հումանիտար վիճակը՝ հետագայում քիմիական զենքի կիրառումը զսպելու կամ  չթույլատրելու միջոցով»,  ասվում է հայտարարության մեջ:

«Գոլոս Ռոսիի»-ն հաղորդում է, որ օգոստոսի 29-ին Լոնդոնում տեղի է ունենում Բրիտանական համայնքների պալատի արտահերթ նիստ՝ Սիրիայի դեմ ռազմական գործողություններում Մեծ Բրիտանիայի կառավարության հնարավոր մասնակցության առաջարկով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կարող է արգելափակել խորհրդարանի որոշումը, եթե նախագծում չընդգրկվի Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ անհերքելի ապացույցներ ներկայացնելու մասին պայման: