Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են եւ Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն արեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Մովիսիսյանը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այդ գումարը Հայաստանը որպես վա՞րկ է ստանալու, թե՞ այդ գումարի դիմաց ռուսական կողմին է զիջվելու որեւէ ունեցվածք: Փոխարենը նախարարը խոստացավ առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները:
Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, եւ մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն:
Մինչդեռ, սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում:
Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար:
Առավել մանրամասն՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում:





























