Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը օգոստոսի 29-ին դիմել է հետաքննությունն անցկացնող քնիչներից մեկին՝ խնդրելով հարցաքննել իրեն՝ որպես Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեղադրյալի: Վարորդի փաստաբաններն արդեն ներկայացրել են համապատասխան միջնորդությունը:

Պաշտպանների տեղեկություններով՝ ներկայումս Հարությունյանն իրեն լավ է զգում եւ ի վիճակի է ցուցմունքներ տալ: Ավելի վաղ հարցաքննությունն անհնար էր՝ մեղադրյալի ֆիզիկական եւ բարոյահոգեբանական վիճակի պատճառով: Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում էր եւ այն, որ հետաքննությունը մերժում էր պրոֆեսիոնալ թարգմանիչ տրամադրել:

Հարությունյանի խոսքերից այսօր պարզ է, որ տեղի ունեցածը պարզ եւ առանց հետշոկային հուզական երանգավորման կարող է ներկայացվել հետաքննությանը՝ այն օբյեկտիվորեն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում սարսափելի վթար էր տեղի ունեցել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում այն գրեթե երկու կեսի էր բաժանվել: Վթարի արդյունքում զոհվել էր 18 մարդ:

Դատարանի դահլիճում Հարությունյանի՝ կանացի, ծաղկավոր խալաթով հայտնվելը Հայաստանում բողոքի ալիք էր բարձրացրել: