ԱԺ աշխատանքների վերսկսման կապակցությամբ, օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդրանիկ նիստը:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստում քննարկվել են առաջիկա նստաշրջանում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության գործունեության ծրագիրը, ներառյալ օրինագծերի, արտահերթ օրինագծի եւ հարցապնդման հիմնական ուղղությունները: Խմբակցության հիմնական օրենսդրական նախաձեռնությունները վերաբերելու են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի առողջացման հետ կապված այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ընտրական համակարգի բարեփոխումը, մենաշնորհային տնտեսական միջավայրի վերացումը, ժողովրդավարության, մամուլի եւ խոսքի ազատության աջակցումը, գործող ռեժիմի կողմից ուժային լուծումների հնարավորությունների սահմանափակումը, ավանդների եւ սոցիալական այլ խնդիրների լուծման ուղղված օրենսդրության ընդունումը, կոռուպցիայի շարունակական բացահայտումը, ինչպես նաեւ ակտուալ հասարակական եւ քաղաքական հնչեղություն ունեցող հարցերի արծարծումը:





























