Դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ - 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին, վարչապետին եւ քաղաքաշինության նախարարին «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի հղած բաց նամակում:
«Մուշ - 2/2 թաղամասի նորակառույցների մեծ մասը գազաֆիկացված չէ, իսկ մյուս՝ մի փոքր մասի բնակիչներին էլ չի թույլատրվում օգտվել ջեռուցման սարքերից՝ բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներին չհամապատասխանող ծխատարների կառուցման պատճառով: Ավելին, նորակառույցի բնակիչներին մինչեւ օրս նույնիսկ հնարավորություն չի տրվել սեփականաշնորհել իրենց ստացած նոր բնակարանները:
Մենք հիշում ենք, որ նախորդ տարի դուք ինչպես Գյումրու, այնպես էլ Ախուրյան եւ այլ գյուղական համայնքների՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւանների հերթացուցակներում հաշվառված, վաղուց շարքից դուրս եկած խարխուլ վագոն-տնակներում եւ շենք-շինություններում մի կերպ պատսպարված հարյուրավոր ընտանիքներին խոստացաք շարունակել բնակարանային շինարարությունը եւ 2012-2013 թթ. շահագործել Գյումրիում՝ 400-450, Ախուրյանում՝ 130-140, Շիրակի մարզի տասնյակ այլ գյուղական համայնքներում էլ՝ տասնյակ բնակարաններ: Սակայն մոտ մեկ տարի է, ինչ Շիրակի մարզում երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շինարարական աշխատանքներն ամբողջովին դադարեցված են եւ անգամ անհայտ է, թե բնակարանաշինությունը ե՞րբ է վերսկսվելու:
Ուզում ենք հավատալ, որ Գյումրիում եւ Շիրակի մարզի այլ համայնքներում բնակարանաշինության դադարեցումը, ի հեճուկս «չար լեզուների», որեւէ կապ չունի ընտրական գործընթացների եւ ընտրություններին այս կամ այն թեկնածուների օգտին տրված ձայների քանակի հետ:
Ուստի դիմելով ձեզ, ակնկալում ենք ձեր հրապարակային պարզաբանումը հանրությանը եւ հատկապես անօթեւան ընտանիքներին, թե ի՞նչ ճակատագիր է սպասում աղետի գոտուն, ե՞րբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները, վերջապես ե՞րբ են Մուշ - 2/2 նորակառույց թաղամասում տեղ գտած շինարարական թերությունները շտկվելու, բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք, եւ ի վերջո՝ մեր աղետյալ հայրենակիցները անգամ քառորդ դար հույս ու հավատով սպասելուց հետո վերջապես ե՞րբ են օգտվելու պատշաճ բնակարան ունենալու տարրական իրավունքից»,- նշել է Վահան Թումասյանը:





























