Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ եւ արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների եւ մի շարք այլ թերությունների եւ խախտումների վերացման եւ բացառման ուղղությամբ:
Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:
Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի եւ կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ եւ կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների եւ բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
Զեկույցին անդրադարձել էր նաեւ Ոստիկանությունը եւ պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում եւ ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:





























