Կրեմլը պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ուրալկալիում»-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
Ըստ նրա՝ Բաումգերտների գործի ավելորդ քաղաքականացումը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի փոխադարձ շահերին: Ուշակովն ընդգծել է, որ «չպետք է տուրք տալ զգացմունքներին», եւ որ անհրաժեշտ է հիշել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների կարեւորության մասին:
Ավելի վաղ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել էր, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գերատեսչություններին հանձնարարել էր կարգավորել ռուսական ընկերության ղեկավարի կալանավորման հետ կապված խնդիրը: Այնուամենայնիվ, առայժմ ոչ Մեդվեդեւը, ոչ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ չեն մեկնաբանել Բաումգերտների կալանավորման շուրջ ստեղծված իրադրությունը, նշում է lenta.ru-ն:
«Ուրալկալիում»-ի ղեկավարին կալանավորել էին Մինսկում՝ հանդիպումից հետո, որին նա մասնակցում էր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հրավերով: Բաումգերտներին կասկածում են հանցավոր սխեմայի կազմակերպման մեջ: Այժմ Բաումգերտները Բելառուսի ՊԱԿ-ի մեկուսարանում է:





























