2013թ. 7 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1506 վթար: Դրանց արդյունքում զոհվել է 170 մարդ, եւս 2145-ը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին այսօր՝օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով՝ ամռան ամիսներին ավելացել է անչափահասների մասնակցությամբ վթարների թիվը: Գրանցվել է երեխաներին վրաերթի ենթարկելու 92 դեպք, ինչի արդյունքում 4 երեխա զոհվել է, 93-ը՝ մարմնական վնասվածքներ է ստացել:

Նորիկ Սարգսյանը հաղորդել է, որ սեպտեմբերի ընթացքում բոլոր դպրոցների մոտ հերթապահություն է իրականացվելու, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանվեն: ՃՈ-ն աշխատելու է հատուկ աշխատանքային գրաֆիկով, առանց հանգստյան օրերի: «Անելու ենք ամեն բան՝ երեխաներին պատահարներից զերծ պահելու համար»,-հավաստիացրել է Նորիկ Սարգսյանը:

Նա վարորդներին հիշեցրել է ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու, արագությունը չգերազանցելու, ալկոհոլ չօգտագործելու, հետիոտններին էլ՝ փողոցը հետիոտնային անցումներով անցնելու եւ լուսացույցներին հետեւելու անհրաժեշտության մասին: Հակառակ դեպքում երկու խմբերին էլ տուգանքներ են սպասվում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am